Սոցիալական ապահովություն

2023 թվականից ի վեր

Ձեռք ձեռքի – փուլ 2

2020-2021 թվականներին «Իզմիրլյան» հիմնադրամը ֆինանսավորել է ՀԿ-ի սոցիալական ձեռնարկությունում թղթե բաժակների արտադրության հիմնումը, որի նպատակն է հզորացնել հասարակության սոցիալապես խոցելի խմբերը և սոցիալական ձեռնարկությունները, ինչպես նաև խթանել էկոլոգիապես մաքուր արտադրությունը: Ծրագրի հիմնական արդյունքները ներառում են հետևյալը՝ 19 աուտիստ երիտասարդներ աշխատանքի են ընդունվել սոցիալական ձեռնարկությունում՝ ունենալով կայուն եկամտի աղբյուր; երիտասարդների ծնողները հնարավորություն ստացան այլ արդյունավետ գործունեությամբ զբաղվելու, ապահովվեց «Քայլ առաջ» ՀԿ-ի ֆինանսական կայունությունը, քանի որ սոցիալական ձեռնարկության կողմից ստացված եկամուտը ուղղվում է ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք ապահովում են ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կայունությունը՝ ծառայություններ մատուցելով աուտիզմ ունեցող 100 երեխաների/երիտասարդների, և այլն:

Ծրագիրն ընդլայնելով՝ Իզմիրլյան հիմնադրամը կաջակցի թղթե բաժակների արտադրության սոցիալական ձեռնարկության արտադրական կարողությունների ընդլայնմանը` լրացուցիչ սարքավորումների տրամադրմամբ, որոնք թույլ կտան փակել արտադրական ցիկլը: Նոր մեքենաները թույլ կտան թղթի տպագրություն և կտրում թղթե բաժակների արտադրության համար։ Ներկայումս թղթի տպագրությունն ու կտրումն իրականացնվում է այլ ընկերության կողմից: Բացի ժամանակի և ռեսուրսների խնայումից, ծրագիրը կնպաստի աուտիզմ ունեցող երիտասարդների համար 10 լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը և արտադրատեսակների ընդլայնմանը: Բացի էկո թղթե բաժակների արտադրությունից, սարքավորումները հնարավորություն կտան արտադրել թղթե տոպրակներ և տուփեր:

Ծրագրի նպատակն է հասարակության սոցիալապես խոցելի խմբերի և սոցիալական ձեռնարկությունների հզորացումը:

Ծրագրի հատուկ նպատակներն են՝

Նպատակ 1. Աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երիտասարդների շրջանում տնտեսական հնարավորությունների, հմտությունների և գիտելիքների ընդլայնում:

Նպատակ 2. «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարելավում:

Ծրագրի ուղղակի շահառուներն են այն երիտասարդները (16+), որոնց համար որևէ տեսակի աշխատանքի հասանելիությունը սահմանափակ է` աուտիզմի սպեկտրի խանգարում ունենալու պատճառով, նրանց ընտանիքները և «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ն: Ծրագրի անուղղակի շահառուներն են «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի շահառուներն առհասարակ:

Ծրագիրը կիրականացվի «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի կողմից: