Կրթություն

2023 թվականից ի վեր

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում

2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքն էր հաշմանդամություն ձեռք բերած, մշուշոտ ապագայով երիտասարդների մի ամբողջ սերունդ։ Հայաստանը թե՛ ենթակառուցվածքների, թե՛ մարդկանց վերաբերմունքի առումով այնքան էլ բարենպաստ երկիր չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ուստի, սա նոր իրողություն էր ինչպես հաշմանդամություն ձեռք բերած անձանց, այնպես էլ հասարակության համար։

Այս տեսանկյունից քաղաքացիական հասարակությունը վճռորոշ դեր խաղաց նորահայտ թիրախային խմբի անմիջական կարիքներին ուղղված համապատասխան ծրագրերի նախաձեռնման և իրականացման գործում, որոնք նաև համահունչ են և լրացնում են պետության նախաձեռնություններին:

2022 թվականի հունվարին «Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկեց «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը, որի նպատակն է աջակցել պատերազմի մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը և կյանքի որակի բարելավմանը՝ իրենց ողջ ներուժի օգտագործման համար հնարավորություններ ստեղծելու միջոցով: Փաստերը ցույց են տալիս, որ տնտեսական ինտեգրումը հասարակության մեջ անհատի ներառումն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ նպաստում է վերջինիս ֆինանսական կայունությանը, ինքնաբավությանը և սոցիալական բարեկեցությանը:

Գիտակցելով հայրենիքի պաշտպանների կողքին կանգնելու և բնականոն կյանքին վերադառնալու փորձերին օժանդակելու կարևորությունը՝ «Իզմիրլյան» հիմնադրամը կաջակցի «Իմ քայլը» հիմնադրամին «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի իրականացման գործում, որի նպատակն է աջակցել պատերազմի մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը։

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ մարզերում բնակվող, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը` զբաղվածությանը նպաստելու և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով:

Ծրաագրի հատուկ նպատակներն են՝

Նպատակ 1. Հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կարողությունների, գիտելիքների և հմտությունների զարգացում,

Նպատակ 2. Հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների տնտեսական հնարավորությունների ընդլայնում։

Ծրագրի ուղղակի շահառուներն են 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 50 զինծառայողներ։ Ծրագրի անուղղակի շահառուներն են ուղղակի շահառուների ընտանիքի անդամները:

Ծրագիրը կիրականացվի «Իմ քայլը» հիմնադրամի կողմից: