Սոցիալական ապահովություն

2023 թվականից ի վեր

Ալիս Դյումուլեն Իզմիրլյանի անվան համայնքային փոքր տներ

Հաշմանդամություն ունեցող երեխաներին և երիտասարդներին աջակցելու ձգտումն ընկած է «Իզմիրլյան» հիմնադրամի առաջատար ծրագրերի հիմքում, որոնք ուղղված են հասարակության առավել խոցելի խմբերից մեկի տարաբնույթ կարիքների լուծմանը՝ հաշվի առնելով օրեցօր ի հայտ եկող կարիքները և առկա բացերը համակարգում: 2004 թվականից ի վեր` «Իզմիրլյան» հիմնադրամն աջակցում է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը», որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող շուրջ 115 երեխա/երիտասարդ: Հիմնադրամը մշտապես իրականացրել է տարբեր ծրագրեր՝ ուղղված երեխաների/երիտասարդների կենցաղային պայմանների բարելավմանը, կրթական և այլ կարիքների բավարարմանը։

«Իզմիրլյան» հիմնադրամը, աջակցելով «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը», գիտակցում է 18 տարին լրացած այն անձանց օժանդակելու անհրաժեշտությունը, որոնք կարող են ապրել ավելի ինքնուրույն միջավայրում: Այս անձինք հասել են այն տարիքին, երբ պետք է հեռանան այնպիսի հաստատություններից, ինչպիսին ՄԻՄ-ն է, իսկ փոքր խմբային տներում ապրելը կարող է շատ բարենպաստ լինել նրանց համար: «Իզմիրլյան» հիմնադրամը դիմել է ՀՀ կառավարությանը՝ 1998 թվականից ի վեր հիմնադրամի և կառավարության միջև գործող հաջողված գործընկերությունն ընդլայնելու նպատակով: Փոքր խմբային տներ հիմնելու այս ծրագիրը կկրի հիմնադրամի հիմնադիր Տիգրան Իզմիրլյանի քրոջ՝ Ալիս Դյումուլեն Իզմիրլյանի անունը:

Կառավարության ռազմավարությանը համահունչ՝ «Իզմիրլյան» հիմնադրամը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, կմեկնարկի «Աջակցություն բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող անձանց» ծրագիրը: Ինչպես նշվեց, ծրագրի առաջնահերթ նպատակն է ապահովել համայնքային փոքր տների և անհրաժեշտ խնամքի հասանելիությունը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող, 18 և բարձր տարիքի այն անձանց համար, որոնք տարաբնույթ պատճառներով չեն կարող վերամիավորվել իրենց ընտանիքների հետ և տարբեր մասնագետների կողմից անկախ կյանք վարելու գործընթացում կանոնավոր աջակցության կարիք ունեն:

Ծրագրի նպատակն է՝ բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատություններից դուրս եկող անձանց համար բարենպաստ համայնքային փոքր տների, ինչպես նաև առողջապահական և սոցիալական խնամքի հասանելիության բարելավում:

Ծրագրի հատուկ նպատաներն են՝

Խնդիր 1. Բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություններում բնակվող 18 և բարձր տարիքի անձանց համար համայնքային փոքր տների անվտանգ և պատշաճ հասանելիության ապահովում,

Խնդիր 2. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատություններում բնակվող 18+ տարիքից բարձր, համայնքային փոքր տներում բնակվող անձանց համար առողջապահական և սոցիալական խնամքի ծառայությունների հասանելիության բարելավում,

Խնդիր 3. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի և ընկալման փոփոխություն համայնքի անդամների շրջանում այն բնակավայրերում, որտեղ ստեղծվելու/գործելու են համայնքային փոքր տները,

Խնդիր 4. Շահառուների անկախ կյանքի հմտությունների ձևավորում:

Ծրագրի անմիջական շահառուներն են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում բնակվող 18 և բարձր տարիքի մինչև 160 անձինք, որոնք չեն կարող վերամիավորվել իրենց ընտանիքների հետ և տարբեր մասնագետների կողմից կանոնավոր աջակցման կարիք ունեն: Առաջնահերթությունը կտրվի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը» բնակվող անձանց։