Սոցիալական ապահովություն

2020 թվականից ի վեր

Ձեռք ձեռքի

Իզմիրլյան հիմնադրամը, ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ, այն է` նպաստել հասարակության սոցիալապես անապահով խավերի հզորացմանը և պլաստիկ տարաների օգտագործման կրճատմանը, նախաձեռնել է «Ձեռք ձեռքի» ծրագիրը, որի շրջանակներում կստեղծվի սոցիալական ձեռնարկություն, որտեղ աուտիզմ ունեցող երիտասարդները կներգրավվեն էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրության մեջ: Ծրագիրը նպատակ ունի ստեղծել ներառական միջավայր, որտեղ հաշվի կառնվեն թիրախային խմբին բնորոշ շոշափական, զգայական ու մյուս բոլոր խնդիրները, և արտադրել թղթե իրերի ապրանքագիծ (թղթե տոպրակներ, ստվարաթղթե բաժակներ, տաք և սառը ըմպելիքների, պաղպաղակի, եգիպտացորենի համար նախատեսված բաժակներ և այլն):

«Ձեռք ձեռքի» ծրագիրը նշանակալի դրական սոցիալական ազդեցություն կունենա, քանի որ այն կարող է դառնալ սոցիալական ձեռնարկատիրության հիանալի մոդել, որտեղ հաշմանդամություն ունեցող դեռահասները ներգրաված են ապրանքների արտադրության մեջ: Ծրագիրը կնպաստի հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար զբաղվածության և եկամտի հնարավորությունների ստեղծմանը՝ այդպիսով բարելավելով նրանց ընտանիքների ֆինանսական կայունությունը: Ավելին, սոցիալական ձեռնարկատիրությունը կբարձրացնի «Քայլ առաջ» ՀԿ-ի գործունեության կայունությունը` ստացված եկամուտները ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերում ներդնելու միջոցով:

Ծրագրի նպատակն է հասարակության սոցիալապես խոցելի խմբերի և սոցիալական ձեռնարկությունների հզորացման, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր արտադրության խթանումը:

Ըստ այդմ, 2020 թվականի հուլիսի 27-ին Նվիրաբերության պայմանագիր է ստորագրվել Իզմիրլյան հիմնադրամի և «Քայլ առաջ» ՀԿ-ի միջև: Ծրագրի իրականացնող կառույցն է «Քայլ առաջ» ՀԿ-ն:

Ծրագրի արդյունքները ներառում են.

Աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող 16 երիտասարդների շրջանում տնտեսական հնարավորությունների ընդլայնում և «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարելավում:

Սոցիալական ներառվածության բարելավում և պլաստիկ տարաների օգտագործման կրճատում: