Չորաթան համայնքի միջնակարգ դպրոց

2019 թվականից ի վեր

Աջակցություն Հայաստանի գյուղական վայրերում կրթության որակի բարելավմանը

2019 թվականի մայիսի 8-ին Համագործակցության պայմանագիր ստորագրվեց Իզմիրլյան հիմնադրամի, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և «Գրադարակ» կրթամշակութային հասարակական կազմակերպության միջև։

Ծրագրի կողմերն ունեն ընդհանուր նպատակ, այն է՝ նպաստելու Հայաստանի գյուղական վայրերում կրթության որակի բարելավմանը:

Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել Հայաստանում կրթական ծրագրերին՝ տրամադրելով 25,000 ԱՄՆ դոլար «Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների միջնակարգ դպրոցներում կրթության որակի բարձրացման և ուսումնական միջավայրի բարելավման» ծրագրի իրականացման համար:

Ծրագրի շրջանակներում «Գրադարակ» կրթամշակութային ՀԿ-ն կվերանորոգի Տավուշի մարզի Չորաթան գյուղի հանրակրթական դպրոցի շենքում առկա գրադարանային տարածքը՝ փոխակերպելով այն երեխայակենտրոն բազմաֆունկցիոնալ սենյակ-գրադարանի:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը կապահովի իր կողմից մշակված երկամյա առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակներում որպես ուսուցիչ Տավուշի մարզի Չորաթան համայնքի հանրակրթական դպրոց գործուղված իր մեկ մասնակցի 2019-2021 թթ. ուսումնական տարվա ընթացքում մարզում ներկայությունը՝ աշխատելու և համայնքային կյանքը ակտիվացնելու նպատակով: