Կարիքավոր սիրիահայերը անվճար բուժօգնություն են ստանում

2017թ. մարտին մեկնարկած՝ «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրից մինչ օրս օգտվել է 520 շահառու։

  • Նոյեմբեր 12, 2018
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

Ծրագիրը նախաձեռնել է Իզմիրլյան հիմնադրամը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համաֆինանսավորմամբ։ Իզմիրլյան Բժշկական կենտրոնը հանդիսանում է ծրագրի իրականացնող կառույց։

Ծրագրի աջակից կառույցներն են` ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական կառույցները։

Ծրագրի շահառուներն օգտվում են Իզմիրլյան բժշկական կենտրոնում մատուցվող բոլոր ծառայություններից։ Բժշկի խորհրդատվությունը, լաբորատոր հետազոտություններն անվճար են, իսկ որոշ թանկ վիրահատությունների համար հիվանդանոցը հատուկ զեղչ է սահմանել»,- պատմում է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լուսինե Գալաջյանը։

2017-ին ՀԲԸՄ-ն գործարկել է «Քլոտիա Նազարեան» պոլիկլինիկան, որտեղ աշխատում են սիրիահայ բժիշկներ։ Առաջնային բժշկական օգնությունն ու խորհրդատվությունը տրամադրում են նրանք, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում Իզմիրլյան բժշկական կենտրոն։

Շահառուները

65 տարեկան Խորեն-Հարություն Պալիոզյանը ծրագրի շահառուներից է։ Հայաստան է եկել 2013 թվականին։ Վերադարձի ճանապարհին հայտնվել է գերության մեջ, եւ Հայաստան վերադարձից անմիջապես հետո սկսվել են առողջական խնդիրները։

«Այդ ամենից հետո ձեռքբերած «ամենաթեթեւ» հիվանդություններից մեկը սրտի հետ է կապված։ Ավելի լուրջ խնդիր ունեմ, որի մասին չեմ ուզում բարձրաձայնել։ Վերջին անգամ վիրահատվել եմ մի քանի օր առաջ եւ երեք օր է, ինչ դուրս եմ գրվել։ Ծրագրին հեշտ է դիմել, կարող եմ ասել, երբ գալիս ես այստեղ՝ բացում են սրտերը, բացում են դռները, փակում են գրպանդ։ Անգամ մեկ լումա չեմ վճարել այս ամբողջ ընթացքում»,- ասում է Խորեն-Հարություն Պալիոզյանը։

21 տարեկան Մերի Պարուտագճյանն էլ երիկամների խնդրի պատճառով է դարձել ծրագրի շահառու։ Մայրը՝ Սաթեն, քանի որ արդեն օգտվել է ծրագրից, դստերը միանգամից ուղեկցել է պոլիկլինիկա։

«Քանի որ դժվարանում էի քայլել, մայրիկիս հետ նախ դիմել եմ ՀԲԸՄ-ի պոլիկլինիկա, այնտեղ ձեւաթուղթ բացեցին, պարզեցին՝ ինչ խնդիր է, ուղեգրեցին հիվանդանոց։ Թուղթը ներկայացրի գլխավոր բժշկին, նա էլ այն ուղարկեց հիմնադրամ»,- պատմում է Մերին։

24 ժամ հետո Մերին սկսել է հակաբիոտիկներով բուժումներ ստանալ հենց հիվանդանոցում։ Ասում է՝ չի վճարել ռենտգեն եւ մյուս հետազոտությունների դիմաց, գումար ծախսել է միայն առանձին հիվանդասենյակում մնալու համար, ընդհանուր եւ անվճար հիվանդասենյակներից ինքն է հրաժարվել։

«Եթե ստիպված լինեի վճարել բուժման համար, ավելի քան 240 հազար դրամ պետք է ծախսեի, իսկ այսպես անվճար է»,- ասում է Մերին։

Խնդիրները

«Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրով դեռ նախատեսված չեն, օրինակ, սրտի վիրահատությունները։ Թանկ վիրահատությունների դեպքում համագործակցում են պետության հետ՝ ձեւակերպվում է պետպատվեր։

«Բայց պետպատվերը չի ծածկում պահանջվող ամբողջ գումարը, եւ հիմնադրամը, եկեղեցին, հիվանդանոցն իրականացնում են համաֆինանսավորում»,- ներկայացնում է Լուսինե Գալաջյանը։

Ծրագիրը գործարկման առաջին փուլից օգտվել է մոնիթորինգային գործիքից՝ հասկանալու, թե ինչ անելիքներ կան եւ որտեղ են ավելի հաճախ վրիպում։

«Հիմնական մարտահրավերը եղել է համակարգումը՝ ինչպես անենք, որ բոլոր կողմերն իրենց մասնակցությունը բերեն։ Սահմանել ենք շեմ՝ 500 հազար դրամ յուրաքանչյուր շահառուի համար՝ որը նաեւ «ազնվության շեմ է», որպեսզի չստացվի, որ մեկը կարողանում է ծրագրից անվերջ օգտվել, իսկ մեկ ուրիշը զրկվում է»,- ասում է հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավարը։

2018 թվականի 9 ամիսների ընթացքում ծրագրով 99 վիրահատություն է կատարվել։ Սիրիահայերի շրջանում հանդիպող հատուկ հիվանդություններ չկան, բայց ըստ Իզմիրլյան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի՝ պատերազմող երկրից տեղափոխվող մարդկանց շրջանում ցանկացած առողջական խնդիր ավելի սուր է արտահայտվում։

«Սթրեսները, հոգեբանական խնդիրները, մշտական լարվածությունը, ապագայի մշուշոտ հեռանկարը խորացնում են ցանկացած հիվանդություն։ Խրոնիկական բոլոր հիվանդությունները, որոնք օրգանիզմում խաղաղ պայմանների ժամանակ ընկճված են, սթրեսի դեպքում սրվում են»,- նկատում է Արմեն Չարչյանը։

Ըստ Արմեն Չարչյանի՝ բժշկական անձնակազմը ծրագրի շրջանակում իր աշխատանքը դիտարկում է որպես առաքելություն։ Նա շեշտում է, որ ծրագրով պարտադիր է օգնել սիրիահայերին, քանի որ նրանք այդ օգնության կարիքն ավելի շատ են զգում։ «Պետք է միշտ հիշենք, որ այս մարդիկ թողել են իրենց բնօրրանը եւ լրացուցիչ ուշադրության կարիք ունեն»,- նշում է հիվանդանոցի տնօրենը։