Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը պատրաստվում են Ամանորին

Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատան երեխաները տարին ամփոփել են ամանորյա միջոցառումով։

  • Դեկտեմբեր 27, 2018
  • Մեդիամաքս
  • 5 Նկարներ

Այս մանկատանը խնամվում է մտավոր եւ ֆիզիկական տարբեր խնդիրներ ունեցող 103 երեխա։ Միջոցառմանն ակտիվ մասնակցում էր նրանց մի փոքր մասը, մյուսները հյուրերի շարքում էին։

Այն երեխաները, որոնք ի վիճակի են, հաճախում են հատուկ դպրոցներ, խմբակների մասնակցում, իսկ հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար կազմակերպվում է տնային ուսուցում, որովհետեւ դպրոցների շենքերը նրանց հարմարեցված չեն։

Մանկատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Պետրոսյանը Մեդիամաքսին ասել է, որ թեեւ մանկատունը մասնագիտացված է 2013 թվականից, բայց հաշմանդամություն ունեցող երեխաների համար շենքը մատչելի ու հարմարեցված չէր։

Այս տարի Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ շենքը բարեկարգվել է, վերելակ ու թեքահարթակներ են կառուցվել, անվտանգության եւ ջեռուցման խնդիրները լուծել:

Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանն ասել է, որ մանկատունն իրենց մշտական ուշադրության ու հոգածության ներքո է։ Ծրագրերն իրականացնում են՝ հիմնվելով մանկատան կարիքների ու պահանջների վրա։ Առաջիկայում կառուցելու են սառնարան-սենյակ, որն անհրաժեշտ է սննդի անվտանգությունն ապահովելու համար։

«Մտադիր ենք փոքր-ինչ փոխել մեր աշխատանքի ուղղությունը՝ կենցաղայինից բացի շեշտը դնել երեխաների զարգացման ծրագրերի վրա: Մասնավորապես՝ այն երեխաների, որոնք արդեն մոտ են 18-ին եւ ստիպված պիտի լքեն այս կառույցը։ Ուզում ենք սոցապ նախարարության հետ քննարկման արդյունքում հասկանալ, թե ինչ համապարփակ ծրագիր կարող ենք մշակել՝ այս երեխաների հմտությունները զարգացնելու, անկախ կյանքին պատրաստելու համար»,- ասել է Լուսինե Գալաջյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը միջոցառման ավարտին երեխաներին մաղթել է, որ լավ սովորեն։ «Մենք՝ որպես մեծեր, պատասխանատուներ, նախարարության աշխատակիցներ, ամեն ինչ պիտի անենք, որպեսզի դուք կրթություն ստանաք, կարողանանք դպրոց հաճախել, ձեր մանկությունը վայելել եւ երջանիկ ապրել»,- ասել է նա: