Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը վերակառուցվել է

Իզմիրլյան հիմնադրամի աջակցության արդյունքում Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տարածքն արդեն ավելի հասանելի եւ մատչելի դարձավ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

  • Հունիս 06, 2018
  • Մեդիամաքս
  • 6 Նկարներ

Վերանորոգված մանկատան բացման արարողությանն այսօր Երեւանում մասնակցել են Իզմիրլյան հիմնադրամի գլխամասային գրասենյակի տնօրեն Գրեգորի Ջերեջյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանը:

2017-18 թթ․ ընթացքում Իզմիրլյան հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ շինարարական աշխատանքներ են իրականացվել «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տարածքում՝ նպատակ ունենալով մանկատան տարածքն ավելի հասանելի եւ մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաների համար։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, ներառել են սակավաշարժ երեխաների համար թեքահարթակների կառուցում, շենքի կողային ճակատների ջերմամեկուսացում, բակի ասֆալտապատում, ցանկապատի վերանորոգում:

Տարածքի կանաչապատման աշխատանքներին իր աջակցությունն է ցուցաբերել Երեւանի քաղաքապետարանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակա կառույց հանդիսացող «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ը, որի նպատակն է առանց ծնողական խնամքի մնացած հաշմանդամ երեխաների շուրջօրյա խնամքի ապահովումը, 2004 թվականից առ այսօր գտնվում է Իզմիրլյան հիմնադրամի հոգածության եւ ուշադրության կենտրոնում: Վերոնշյալ ժամանակաշրջանում Իզմիրլյան հիմնադրամը շարունակաբար ֆինանսական աջակցություն է տրամադրել կառույցին՝ հովանավորելով բազմաբնույթ ծրագրերի իրականացումը՝ նպատակաուղղված երեխաների կենսակերպի, կրթական եւ այլ կարիքների բարելավմանը:

Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանն այսօր ասել է, որ հիմնադրամը կշարունակի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ին իր աջակցությունը` հաշվի առնելով կառույցի պահանջները։