Հաղթել քաղցկեղը՝ հավատով, սիրով ու հոգատարությամբ

Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի հավասար հասանելիության ապահովում քաղցկեղով ախտորոշված, ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող երեխաների համար:

  • Հուլիս 11, 2023
  • Մեդիամաքս
  • 8 Նկարներ

 

Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ամենասպասված ձայնն այն զանգի ղողանջն է, որ բուժման ավարտին հնչեցնում է յուրաքանչյուր երեխա՝ քաղցկեղը հաղթահարած մյուս հերոս-երեխաների դիմանկարներով ծառից կախելով նաեւ իրենը: Այդ օրը տոն է դառնում բոլորի համար՝ թե´ երեխաների, թե´ ծնողների եւ թե´ բուժանձնակազմի: Դիմանկարներով ծառի վրա իր նկարի տեղն արդեն ընտրել է 6-ամյա Մարիան, որն անցնում է իր բուժման երրորդ փուլը: Չնայած իր հասակին՝ Մարիան հստակ գիտի, թե ինչ մասնագիտություն է ընտրելու.

-Շատ սիրում եմ, որ տիկնիկներին բուժում եմ: Մեծանամ՝ բժիշկ եմ դառնալու, որ վիրահատություն անեմ ու տենց բուժեմ,- ասում է Մարիան:

Նախորդ տարվա դեկտեմբերին Մարիայի մայրիկին՝ Անիին է զանգահարել մանկապարտեզի բուժքույրն ու մտահոգություն հայտնել երեխայի առողջության մասին: Անին անմիջապես գնացել է մանկապարտեզ ու Մարիային տարել սուգման: Երեխային սխալ ախտորոշում են տվել, ինչի մասին Անին գլխի է ընկել ավելի ուշ, երբ աղջնակին հագցնելիս աճուկային հատվածում գնդեր է տեսել: Նորից դիմել են բժշկի, պոլիկլինիկայից նրանց ուղղորդել են պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:

«Արյունաբանական կենտրոնում ասացին, որ անալիզները հանձնելուց հետո կարող ենք տուն գնալ, իսկ պատասխանը կիմանանք 3 օր հետո: Այդուհանդերձ, կարճ ժամանակ անց ինձ նորից զանգահարեցին ու ասացին, որ լավ կլինի կենտրոն վերադառնանք: Մարիայի մոտ ախտորոշվել էր սուր լիմֆոբլաստային լեյկոզ, առկա ցուցանիշները շատ վատն էին՝ լեյկոցիտների մեծ քանակ, 94% ախտահարում»,-պատմում է Անին:

Նրա խոսքով՝ հիվանդության առաջին փուլը շատ ծանր ընթացավ, մեծ էր հավանականությունը, որ արյան փոխպատվաստման կարիք է լինելու, բայց Անիին շարունակում էր հավատալ ու աղոթել:

«Ախտահարման շատ բարձր ցուցանիշներից հետո մեր վերջին անալիզի պատասխանը եկավ զրո: Բժիշկները շատ զարմացած էին: Դա Աստծո հրաշքն էր: Ամբողջ ընթացքում ինքս ինձ ասում էի, որ չեմ կարող պարտված դուրս գալ այս փորձությունից, անդադար աղոթում էի ու ամբողջությամբ վստահվել էի Աստծուն: Դիմելով Տիրոջն ասում էի, որ Մարիան իր ստեղծածն է, ուստի միայն ինքը գիտի՝ ինչն է ճիշտ Մարիայի կյանքում: Ես ամրապնդվում էի հավատով ու վստահ էի, որ Աստծո հրաշքը տեղի կունենա»,- ասում է Անին:

Անին հավատում է, որ խոսքը մեծ ուժ ունի, ուստի պետք է միշտ լավը մտածել ու լավի մասին խոսել: Ծնողը միեւնույն է հասկանալու է, որ գործընթացը լի է դժվարություններով, սակայն կարեւոր է հենց սկզբից հույս ու հավատ ներշնչել եւ ամեն ինչ կհաղթահարվի:

«Մարիան շատ ուժեղ է: Նրա համար կարեւոր է, որ ինքն իմանա՝ ինչ են անելու բժիշկները, եւ այլեւս չի ընդդիմանա: Ես նրան միշտ անկեղծորեն ասում եմ, թե ինչ է սպասվում՝ արյուն են վերցնելու, անզգայացնելու են կամ այլ բան: Նրա համար սկզբում շատ սթրեսային էր, որ մազերը սկսեցին թափվել՝ խիտ ու երկար մազեր ուներ, սակայն ես բացատրեցի, որ դա դեղերի ազդեցությունն է, հիմա ինքն ամեն ինչ հասկանում է եւ չի կոմպլեքսավորվում: Միջավայրն էլ շատ ջերմ է, Մարիան սիրով է գալիս կենտրոն՝ հանդիպելու այստեղի երեխաներին եւ բժիշկներին: Անգամ եթե գիտի, որ դեղերից հետո իրեն վատ է զգալու, երբեք չի ասում, որ իրեն տուն տանեմ»,- մանրամասնում է Անին:

Մարիայի հետ Արյունաբանական կենտրոնում բուժում է ստանում նաեւ 10-ամյա Տիգրանը: Փետրվար ամսին Տիգրանի մոտ հազ է սկսվել, բժիշկներն ուղղորդել են Արյունաբանական կենտրոն: Տիգրանի մայրը՝ Անին, պատմում է, որ հիվանդության հաղթահարման առաջին շրջանն ամենաբարդն էր, սակայն այնտեղ բոլոր ծնողներն իրար աջակցում են, թեեւութիկունք դառնում: 

«Տիգրանի մոտ ախտորոշվել էր T բջջային լիմֆոմա: Շատ ծանր էին ապրումներս, սակայն համակարգչային տոմոգրաֆիայի (KT)-ի առաջին պատասխանը շատ մեծ դրական դինամիկա ցույց տվեց: Մեր բժշկուհու՝ Լուսինե Սլավիկովնայի էմոցիաներն էլ անհնար էր նկարագրել, նա եւս չէր սպասում միանգամից այդպիսի փոփոխություն: Դրանից հետո արդեն սկսեցի լույսը տեսնել, հավատով լցվել»,- պատմում է Անին:

Ի սկզբանե, Տիգրանի համար էլ էր շատ դժվար: Երբ նոր էր եկել կենտրոն, տեսնելով մյուս երեխաներին, որոնց մազերը թափված էին, խուսափում էր ներս մտնել, սակայն հետզհետե ամեն ինչ սկսեց փոխվել:

«Հիմա երբ նոր երեխաներ են գալիս, Տիգրանը վազում է նրանց մոտ ու սկսում ուրախացնել: Երբ նրանց մազերը սկսում են թափվել, ասում է՝ «ոչինչ, կթափվի, հետո ավելի լավը կաճի»: Այստեղ երեխաներին ուրախացնելու համար կեղծամներ կան, մի անգամ Տիգրանը հագել էր դրանցից մեկն ու բոլորին ուրախացնում էր դրանով: Երբ տեսնում է, որ երեխաներից մեկը տխուր է, գնում է հետը զրուցելու, պատմում է, թե ինչ է տեղի ունենալու: Այստեղ մեզ համար փոքրիկ տաքուկ անկյուն է ստեղծվել՝ ծնողներն ու երեխաները եւ նաեւ բուժանձնակազմը շատ հոգատար են միմյանց նկատմամբ: Բժիշկներից յուրաքանչյուրը պայքարում է ամեն մի երեխայի կյանքի համար, ներդնում իր ամբողջ ջանքերը»,- հավելում է Անին:

Նա խորհուրդ է տալիս նույն ճանապարհն անցնող ծնողներին չկոտրվել, կամքի ուժ դրսեւորել ու միշտ միայն լավը մտածել:

Աստծո օրհնությամբ, Մարիան ու Տիգրանը շուտով կավարտեն իրենց բուժումը, կհնչեցնեն զանգն ու տուն կգնան: Բայց ցավոք, վերջին տարում կենտրոն եկողների թիվը շատացել է, արյան քաղցկեղով ախտորոշումների դինամիկան Հայաստանում մտահոգիչ է:

Արյունաբանական կենտրոն եկող բոլոր ծնողներին բժիշկներն ի սկզբանե ասում են կենտրոնանալ միայն բուժման վրա եւ չմտածել ֆինանսական հարցերի մասին: Բուժումը երկարատեւ է եւ բավականին թանկ արժե, սակայն այս հոգսն ամբողջապես իր վրա է վերցրել «Ժպիտների քաղաք» հիմնադրամը:

Հիմնադրամն աջակցում է Հայաստանում բուժում ստացող քաղցկեղով ախտորոշված բոլոր երեխաներին եւ մինչեւ 25 տարեկան երիտասարդներին: Այն հոգում է բուժման ընթացքի բոլոր ծախսերը: «Ժպիտների քաղաք» ԲՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է, որը պարբերաբար այցելում է երեխաներին:

«Ժպիտների քաղաք» ԲՀ-ի Գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի խոսքով՝ եթե 2019-2021 թվականներին իրենց դիմում էին 105-110 ընտանիքներ, ապա 2022 թվականին այդ թիվը 148-ն էր՝ մոտ 25% աճ:

«Մենք ստանձնել ենք այս բարդ հիվանդության հաղթահարման փուլում բոլոր ընտանիքներին օգնելու պատասխանատվությունը: Մեր շահառուների մեծ մասը չունեն բավարար ֆինանսական միջոցներ: Քանի որ բուժումը երկարատեւ է, այն ֆինանսական խնդիրների առաջ կարող է կանգնեցնել անգամ ավելի ապահովված ընտանիքներին, ուստի մեր հոգաբարձուների խորհուրդը որոշեց դա թույլ չտալ եւ լիարժեքորեն աջակցել բացառապես բոլորին: Այս պատասխանատվությունը պատշաճ իրականացնելու համար մենք անընդհատ աջակիցների փնտրտուքի մեջ ենք, որովհետեւ ֆինանսական ծախսերի նման ծավալը ո´չ 1-2, եւ ո´չ էլ անգամ տասը կազմակերպություն չեն կարող ապահովել: Մեզ աջակցում են ինչպես անհատներ՝ սկսած ամսական 1000 դրամ նվիրատվություններից, մինչեւ ավելի մեծ գումարներ տրամադրող կորպորատիվ գործընկերներ: Շատ ուրախ եմ, որ վերջին 2 տարում մեր աջակիցների շարքին միացավ նաեւ «Իզմիրլյան» հիմնադրամը, որի թե´ տնօրենությունը, թե´ հոգաբարձուների խորհուրդը կարեւորեցին իրականացվող աշխատանքը»,- ասում է նա:

Էսթեր  Դեմիրճյանի խոսքով՝ նախորդ տարի «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությամբ բուժում է ստացել 3 երեխա, իսկ այս տարի հիմնադրամի աջակցությամբ ընթացի մեջ է 4 երեխայի բուժում:

«Շատ բարձր եմ գնահատում այս համագործակցությունը նաեւ այն առումով, որ այն դարձավ շարունակական: Ընտրվել են երեխաներ սահմանամերձ գոտիներից, բազմազավակ եւ նպաստառու ընտանիքներից: Եթե չլիներ ֆինանսական աջակցություն, մեծ հավանականությամբ այս երեխաներից շատերը բուժում չէին կարողանա ստանալ, ուստի ծրագիրն իսկապես կյանքեր փրկող բնույթ ունի: Փառք Աստծո, նման համագործակցությունների շնորհիվ ոչ մի երեխայի մինչ օրս չենք մերժել եւ ոչ էլ սպասման ցուցակում ենք գրանցել», -հավելում է նա:

https://www.facebook.com/cityofsmilearmenia/videos/547288750952853/

Թեեւ այս տարվա ցուցանիշը կանխատեսելը դեռեւս վաղ է, հիմնադրամում հույս են հայտնում, որ նվազում կլինի: Այդուհանդերձ, հիմնադրամի համար շատ կարեւոր է շարունակական աջակցությունն ու նվիրատվությունները, որպեսզի վստահ լինեն՝ ոչ մի երեխա չի մնա առանց անհրաժեշտ բուժման:

«Ինչքան շատ լինեն մարդիկ, որոնք թեկուզ առանց այս երեխաներին ճանաչելու պատրաստ կլինեն աջակցություն ցուցաբերելու, այնքան ավելի վստահ մենք կշարունակենք իրականացնել մեր ստանձնած պատասխանատվությունը: Ի վերջո, քաղցկեղը չէ, որ վարակիչ է, այդ սերն է վարակիչ»,- եզրափակում է հիմնադրամի գործադիր տնօրենը:

«Ժպիտների քաղաք» հիմնադրամի ամսական նվիրատվություններին կարող եք միանալ այս հղումով:

Իզմիրլյան հիմնադրամը 1990 թվականից ի վեր Հայաստանում և Արցախում իրականացնում է բազմաթիվ բարեգործական և զարգացման ծրագրեր՝ կրթության, առողջապահության, սոցիալական, նորարարության, զբոսաշրջության և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով օժանդակել Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ իրականացնելով Հայաստանի առջև ծառացած արդի մարտահրավերներին ու զարգացումներին համահունչ բարեգործական ծրագրեր: