Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել աուտիստ երիտասարդներին

«Իզմիրլյան» հիմնադրամն ընդլայնում է սոցիալական ձեռներեցության աջակցության ծրագիրը, որտեղ աշխատում են աուտիստ երիտասարդները:

  • Մարտ 16, 2023
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

2020-2021 թվականներին «Իզմիրլյան» հիմնադրամը ֆինանսավորել է «Քայլ Առաջ» ՀԿ-ի սոցիալական ձեռնարկությունում թղթե բաժակների արտադրության հիմնումը, որի նպատակն է հզորացնել հասարակության սոցիալապես խոցելի խմբերը եւ սոցիալական ձեռնարկությունները, ինչպես նաեւ խթանել էկոլոգիապես մաքուր արտադրությունը:

Այս նոր նախաձեռնությամբ Իզմիրլյան հիմնադրամը կաջակցի թղթե բաժակների արտադրության սոցիալական ձեռնարկության արտադրական կարողությունների ընդլայնմանը` լրացուցիչ սարքավորումների տրամադրմամբ, որոնք թույլ կտան փակել արտադրական ցիկլը: Նոր մեքենաները թույլ կտան թղթի տպագրություն եւ կտրում թղթե բաժակների արտադրության համար։ Բացի ժամանակի եւ ռեսուրսների խնայումից, ծրագիրը կնպաստի աուտիզմ ունեցող երիտասարդների համար 10 լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը եւ արտադրատեսակների ընդլայնմանը: Բացի էկո թղթե բաժակների արտադրությունից, սարքավորումները հնարավորություն կտան արտադրել թղթե տոպրակներ եւ տուփեր:

Ծրագրի ուղղակի շահառուներն են այն երիտասարդները (16+), որոնց համար որեւէ տեսակի աշխատանքի հասանելիությունը սահմանափակ է` աուտիզմի սպեկտրի խանգարում ունենալու պատճառով, նրանց ընտանիքները եւ «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ն:

Ծրագիրը կիրականացվի «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի կողմից: