Ինչպե՞ս բարեփոխել մասնագիտական կրթությունը Հայաստանում

Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում ակտիվ գործունեության իրականացնող կազմակերպությունների հանդիպումը:

  • Փետրվար 16, 2023
  • ԻՀ մամուլ
  • 6 Նկարներ

Փետրվարի 7-ին կայացավ Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում ակտիվ գործունեության իրականացնող  կազմակերպությունների հանդիպումը, որի նպատակն էր երկխոսության հնարավորություն ապահովել շահագրգիռ կողմերի միջև: 

Հանդիպումն աչքի էր ընկնում մասնակիցների մեծ թվակազմով, որոնց ցանկում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության», ՄԱԶԾ-ի և այլ տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպման առանցքային կետն էր ՀՀ կառավարության ՄԿՈՒ գործունեության և օրենսդրական ոլորտում ռազմավարական ուղղությունների, ինչպես նաև  «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում» (MAVETA) զարգացման խոշոր ծրագրի ներկայացումը:

«Այս բարեփոխման նպատակն է Հայաստանի տնտեսությանն ապահովել գյուղատնտեսության ոլորտին անհրաժեշտ հմուտ մասնագետներով»,- բացման իր խոսքում «ՄԱՎԵՏԱ» ծրագրին անդրադառնալով՝ նշեց ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թութը, որը նաև պատասխանատու է Հայաստանում «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության ծրագրի» համար։ 

«Ինչպես մեր գերմանացի, ավստրիացի և տեղացի գործընկերները, մենք ևս կարծում ենք, որ այս պահին Հայաստանում երկակի (դուալ) մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ներդրումը ճիշտ որոշում է», - շարունակեց պարոն Թութը:

Ներկայացնելով համակարգի ստեղծման պատմությունը և ներկայումս կիրառությունը Շվեյցարիայում, ինչպես նաև հիմնվելով «Եվրոստատ»-ի տվյալների վրա՝ պարոն Թութն ընդգծել է. «Առկա են նշանակալի ապացույցներ, որ երկակի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգեր ունեցող երկրների ցուցանիշները զգալիորեն ավելի բարձր են այլ համակարգեր կիրառող երկրների համեմատությամբ: 15-24 տարիքային խմբում երիտասարդների գործազրկության ամենացածր ցուցանիշներն ունեն Շվեյցարիան, Գերմանիան և Ավստրիան։ Ավելին, գործազրկության ցուցանիշն այս երկրներում ամենացածրն է նաև մեծահասակաների շրջանում»։

«Բոլոր երեք երկրներում այս հաջողության պատմության հիմքում հետևյալ սկզբունքն է. երկակի կրթության մոդելը կարող է արդյունավետ լինել միայն մասնավոր և պետական հատվածների սերտ համագործակցության դեպքում: Այլ կերպ ասած՝ մասնավոր ընկերությունները պետք է տեղեկացնեն հանրային հատվածին, թե ինչ մասնագետների կարիք ունեն՝ միևնույն ժամանակ ստանձնելով իրենց անհրաժեշտ աշխատուժը պատրաստելու գործի մի կարևոր մասը»,- եզրափակեց պարոն Թութը:

Հանդիպումը կազմակերպել է «Ռազմավարական զարգացման գործակալությունը» «ՄԱՎԵՏԱ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից, որը գլխավորում է «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը» (SDC), և որի կազմում են  «Ավստրիական զարգացման գործակալությունը», Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը, «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» (HEKS/EPER) ՀԿ-ն, «Իզմիրլյան» հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (SDA) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագրի իրականացման գործընկերներն են «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը» (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» ՀԿ-ն՝ «Ռազմավարական զարգացման գործակալության» և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) մասնակցությամբ:

Աղբյուր՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն: