Լուսավոր սենյակի փայլուն գրքերը. Չորաթանում բացվեց «գրադարակը»

«Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությամբ վերակառուցվեց Չորաթան համայնքի դպրոցի գրադարանը:

  • Հունվար 28, 2019
  • Մեդիամաքս
  • 13 Նկարներ

Ավտոբուսը գրեթե չորս ու կես ժամում հասավ Տավուշի մարզի Չորաթան գյուղ։ Չնայած Երեւանի հյուրերը մոտ մեկ ժամ ուշացան, Ա. Ուդումյանի անվան միջնակարգդ դպրոցում նրանց դիմավորեցին աղ ու հացով եւ ջերմ ծափահարություններով։ Այցի առիթը գյուղում շատ երկար սպասված իրադարձություն էր՝ «գրադարակի» բացումը։ 

 Լուսավոր գրադարանն ու Միլենան

 «Գրադարակ» հասարակական կազմակերպությունը կառուցում է ժամանակակից գրադարաններ՝ երեխաների մոտ նոր գիտելիքներ ձեռք բերելու հետաքրքրությունը խթանելու համար: Առաջինը «գրադարակը» բացվեց Ամրակից գյուղում, հետո Մովսեսում եւ Դրախտիկում:

 Չորրորդը Չորաթանի միջնակարգ դպրոցում է, որ կառուցվեց «Իզմիրլյան» հիմնադրամի, «Դասավանդի՛ր, Հայաստանի» եւ «Գրադարակ» կրթական եւ մշակութային ՀԿ-ի եռակողմ համագործակցության շնորհիվ:

 «Իզմիրլյան» հիմնադրամի ցանկությունն էր, որ ծրագիրն իրականացվի այնպիսի գյուղում, որտեղ դպրոցն ամենից շատ աջակցության կարիք ունի։ Շրջել էին համայնքներով եւ ըստ առանձնացրած թիրախների՝ կանգ են առել Տավուշի մարզի այս գյուղի վրա:

 Նախքան նոր գրադարանի կարմիր թելը կտրելը, աշակերտները հյուրերի համար մի քանի երաժշտական համար կատարեցին։ Նրանց թվում էր նաեւ 9-րդ դասարանի աշակերտուհի Միլենան։

 Միլենան սիրում է սարսափ ժանրի գրքեր կարդալ։ Պատմում է, որ թեեւ նախկինում եւս ունեցել են գրադարան, այն ընթերցանության համար հետաքրքիր վայր չի եղել։

 «Վերցնում էինք գրքերը, տանում տանը կարդում ու բերում։ Հենց իմացա, որ «գրադարակ» ենք ունենալու, շատ ուրախացա։ Արդեն մի քանի գրքեր եմ ընտրել։ Այստեղ շատ երկար ժամանակ եմ անցկացնելու, բոլոր դասամիջոցներին գալու եմ»,- ասում է նա, հետո ձեռքը վերցնում «Հարրի Փոթերը եւ Ազքաբանի կալանավորը» գիրքն ու սկսում կարդալ:

Լուսավոր սենյակի փայլուն գրքերը

 Գունազարդ սենյակը լի է նոր գրքերով՝ գեղարվեստական գրականությունից մինչեւ հանրագիտարաններ։ Դրանք տարբեր լեզուներով են, կան նաեւ ուսուցողական խաղեր:

 «Գրադարակ» կրթական եւ մշակութային ՀԿ-ի համահիմնադիր Հայկ Զալիբեկյանը նշում է, որ փորձում են համագործակցել գրեթե բոլոր հրատարակչությունների հետ ու զեղչով նոր գրքեր ձեռք բերել:

«Դպրոցներում, որտեղ կառուցում ենք «գրադարակ», հաճախ լինում են գրադարաններ, բայց երեխաները հազվադեպ են կարդում։ Մեր նախապայմաններից մեկն այն է, որ սկզբնական շրջանում հին գրքերը մի կողմ դրվեն։ Նոր գրքերի գրավչության շնորհիվ երեխաները սկսում են կարդալ ու հետզհետե վերադարձնում ենք հին գրքերը՝ իհարկե ընտրողաբար»:

Հայկի խոսքով՝ փորձում են սենյակը ժամանցի ու զբաղմունքի վայր դարձնել, ամեն կերպ նպաստել նրան, որ երեխաները հնարավորնս շատ ժամանակ անցկացնեն գրադարանում:

 «Մեր բոլոր գրադարաններում դռներն ապակուց են, որ երեխաները, անշուք դպրոցում վազելիս, անընդհատ տեսնեն ու ձգտեն դեպի այդ վառ միջավայրը»,- ասում է Հայկը:

 2019թ. հուլիսի կեսերից են սկսել նախկին գրադարանի վերակառուցումը։ Սովորաբար պայման են դնում դպրոցի առջեւ, որ գրադարանը աշխատի առնվազն շաբաթ օրերին, ցանկալի է նաեւ կիրակի, բաց լինի դասերից հետո եւ հասանելի բոլորի համար:

Կրկնակի տոն

«Գրադարակը» նպատակ ունի «ներկա» լինելու Հայաստանի բոլոր մարզերում։ Օրվա տոնը կրկնակի դարձնելու համար հիմնադիրները պաշտոնապես հայտարարեցին 5-րդ «Գրադարակի» կառուցման վայրը։ Վերջին հայտերի ընդունման հայտարարությունից հետո ստացված 20-ից ավելի դիմումներից ընտրվել  է Արագածոտնի մարզի Արածավան համայնքը:

«Արագածավանը շատ մեծ համայնք է։ Գրադարանը կառուցելու ենք մոտ 450 աշակերտ ունեցող դպրոցում։ Քանի որ համայնքում երկու դպրոց կա, այն կլինի ավելի մեծ։ Հուսով ենք, որ առաջիկա տարվա ընթացքում կկարողանանք հյուր գնալ այնտեղ, դուք էլ խորհուրդներ կտաք»,-Չորաթանի երեխաներին է դիմում «Գրադարակի» համահիմնադիր Արուսիկ Զեյնալյանը։ 

Շուտով «Գրադարակ» հասարակական կազմակերպությունը կսկսի գումար հավաքել նոր գրադարանի համար։ Հայկ Զալիբեկյանի խոսքով՝ դրա համար օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները։

Միավորելով երազանքները

Արուսիկ Զեյնալյանը նշում է, որ նպատակ ունեն յուրօրինակ ցանց ստեղծել տարբեր մարզերի «գրադարակների» միջեւ ու փորձել տարբեր գյուղերի երեխաների միավորել համատեղ գաղափարների շուրջ:

«Ես՝ որպես «Դասավանդի՛ր, Հայաստանի» ուսուցիչ, միշտ մտածել եմ՝ մենք անընդհատ երեխաներին ասում ենք՝ սովորենք, որ գնաք աշխարհը բացահայտելու, բայց մենք ապրում ենք այն իրականությունում, որտեղ թե՛ մեծերը, թե՛ երեխաները շատ դեպքերում Հայաստանը չեն տեսել, չգիտեն՝ ինչ է կա կողքի կամ մյուս մարզի գյուղում։

Ուզում ենք կապ ստեղծել մարզերի միջեւ, որ երեխաների մոտ հայրենիքը ճանաչելու ընթացքում ավելին բացահայտելու հետարքրքություն արթնանա»,- ասում է Արուսիկը եւ հավելում, որ կփորձեն էքսկուրսիաներ, ֆիլմերի դիտումներ, գրքի ընթերցումներ եւ այլ միջոցառումներ կազմակերպել։