Իզմիրլյան հիմնադրամը հովանավորում է միջազգային բժշկական համագումարը

«Հայաստան-Սփյուռք-Արցախ. միաձուլում` ի փառս առողջության» կարգախոսով Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումար

  • Հուլիս 03, 2019
  • Մեդիամաքս
  • 2 Նկարներ

1980 թվականից ի վեր՝ չորս տարին մեկ անգամ, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են աշխարհասփյուռ հայ բժիշկների համագումարներ:

Հայաստանում առաջին միջազգային բժշկական համագումարը տեղի է ունեցել 2003, ապա` 2007, 2011 և 2015 թվականներին: 

Այս տարի համագումարի գիտական եւ կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստան կժամանի ավելի քան 400 բժիշկ` աշխարհի տարբեր երկրներից:

Համագումարի նախագահն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանն է:

Համագումարի գլխավոր հովանավորներից է Իզմիրլյան հիմնադրամը, որն իր գործունեության ընթացքում շարունակաբար աջակցել է Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացման եւ կայացման գործընթացին:

Իզմիրլյան հիմնադրամի բարեգործական ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկն Իզմիրլյան բժշկական կենտրոնի հիմնադրումն է Երեւանում, որի նպատակը Հայաստանի քաղաքացիներին բարձրորակ եւ մատչելի բժշկական ծառայությունների մատուցումն է:

Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանի հավաստմամբ` հիմնադրամը շարունակում է աջակցել Հայաստանում իրականացվող առողջապահական ծրագրերին, ինչպես նաեւ իրականացնում է հասարակության առավել կարիքավոր շերտերի առողջական խնդիրների լուծմանն ուղղված մի շարք սոցիալական ծրագրեր: