Սահմանամերձ համայնքների երեխաները՝ Թումոյի ամառային ճամբարում

Հունիսի 10-ին մեկնարկել է Թումո ամառային ճամբարը։ Այս տարի Իզմիրլյան հիմնադրամի հովանավորությամբ ամառային ճամբարին մասնակցում են նաեւ երեխաներ սահմանամերձ համայնքներից։

  • Հունիս 11, 2019
  • Մեդիամաքս
  • 15 Նկարներ

Ի՞նչ է Թումո ամառային ճամբարը

 Ճամբարականների առաջին խումբը Թումոյում է առավոտյան ժամը 9-ից։ Օրվա գրաֆիկը խիտ է, հաշվարկված է ամեն րոպեն։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նրանք կսովորեն համադրել տեխնոլոգիաներն ու արվեստը, կծանոթանան ռոբոտներ ստեղծելու եւ նրանց «ապրեցնելու» նրբություններին, վիդեո խաղեր եւ անիմացիոն ֆիլմեր ստեղծելու հմտություններին:

«Ուզում ենք բոլորին հավաստիացնել, որ ամեն առավոտ ժամը 9-ից երեխաների կողքին են լինելու մեր դասընթացավարները, որոնք պատրաստ են օգնել երեխաներին ցանկացած հարցով», - ասում է ամառային ճամբարի համակարգող Սիրվարդ Աթանեսյանը՝ դիմելով երեխաներին եւ նրանց մի քանիսի ծնողներին։ 

Ճամբարը հնարավորություն է

 Ճամբարի այս փուլին մասնակցում է 40 դեռահաս, որոնք նախկինում երբեք Թումոյում չեն եղել:

«Այս ծրագրի ամենակարեւոր նպատակը երեխաներին Թումոյի հետ ծանոթացնելն է։ Ծրագիրը տեւում է 1-ից 8 շաբաթ, եւ այդ ընթացքում երեխաները նոր ընկերներ ձեռք կբերեն եւ վստահ եմ, լավ տրամադրությամբ կհեռանան», - ասում է Սիրվարդը:

 Մասնակիցները ընտրվել են մոտիվացիոն նամակներով։ Լավագույն բովանդակությունից բացի, առավելությունը տրվել է այն հեղինակներին, որոնք 13-ից 16 տարեկան են: 

Ճամբարի օրակարգը կազմել են նախապես։ Այս շաբաթվա ընթացքում ամեն առավոտ նախաճաշելու են Թումոյում, հետո մասնակցելու են առաջին դասընթացին՝ ըստ նախընտրած թեմաների, շրջելու են Երեւանում, այցելելու են Էջմիածին, Գառնի, Գեղարդ, ֆուտբոլ են խաղալու։ 

 Երեխաների մի մասը ընտանիքներում է ապրելու, մյուսները՝ հոսթելներում։ Թումո գալիս ու գնում են հատուկ ավտոբուսներով:

Այստեղ են նաեւ սահմանամերձ համայնքներից

 «Երեխաները եկել են Աճարկուտից, Կիրանցից, Ներքին Ծաղկավանից, Վերին Ծաղկավանից, Ոսկեպարից, Կայանից, Ազատամուտից, Դիտավանից, Վարագավանից», - թվարկում է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանը:

20 մասնակիցներ հենց այս հիմնադրամի շնորհիվ են Թումո գալու հնարավորություն ստացել։  Նրանց մասնակցության ընդհանուր բյուջեն 10 հազար դոլարին համարժեք դրամ է, յուրաքանչյուր երեխայի համար՝ 240 հազար դրամ:

«Մասնակցության համար մեր կողմից միայն մեկ պայման է եղել՝ ապահովել սահմանամերձ համայնքների այն երեխաների մասնակցությունը, որոնք որեւէ հնարավորություն չունեն Թումո գալու եւ մասնակցելու ճամբարների։ Մասնակիցների շարքում շատ են նաեւ սփյուռքահայ երեխաները, եւ այդ շփման ընթացքում իրենք միմյանց շատ բան կփոխանցեն։ Երեխաները Երեւանում եւ Հայաստանում շրջելու հնարավորություն կունենան, ինչը եւս շատ կարեւոր է հատկապես մշակութային եւ կրթական սահմանափակ հնարավորություններ ունեցող սահմանամերձ համայնքների երեխաների համար», - ասում է Լուսինե Գալաջյանը:

Թումոյի ամառային ճամբարներին վերջին չորս տարում մասնակցել է 700 երեխա՝ 25 երկրից։ Ակնկալվում է, որ այս տարի ճամբարը կհյուրընկալի մոտ 400 մասնակցի:

 Նորոգվում է ԵՊՀ-ի ընթերցասրահը

 Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը տեղեկացրեց մեկ այլ կրթական նախաձեռնության մասին: Հունիսի 11-ից հիմնադրամի միջոցներով կմեկնարկի Երեւանի պետական համալսարանի «Մարի եւ Սարգիս Իզմիրլյանների» անվան գրադարանի շենքի հինգերորդ հարկում գտնվող մեծ ընթերցասրահի վերանորոգումը։ Այն դռները կբացի մինչեւ սեպտեմբերի 26-ը:

 Վերանորոգման բյուջեն 135 հազար դոլարին համարժեք դրամ է։ Սրահում տեղադրվելու են օդափոխության եւ ջեռուցման ժամանակակից համակարգեր, փոխվելու է ներքին հարդարանքը:

«Փորձելու ենք այնպես անել, որ ուսանողները ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելուց բացի նաեւ ընթերցասրահ այցելեն», - վստահ է Լուսինե Գալաջյանը:

 2018 թվականին եւս Իզմիրլյան հիմնադրամի շնորհիվ ԵՊՀ գրադարանում իրականացվել են նորոգման աշխատանքներ, կարգի են բերվել շքամուտքերը եւ ընդհանուր օգտագործման տարածքները:

 Երեւանի պետական համալսարանի «Մարի եւ Սարգիս Իզմիրլյանների» անվան գրադարանը վերջին անգամ հիմնանորոգվել է 1996 թվականին՝ Իզմիրլյան հիմնադրամի միջոցներով: