«Ձեռք ձեռքի»՝ մեծ խթան աուտիզմ ախտորոշում ունեցող պատանիների համար

Հասարակության սոցիալապես խոցելի խմբերի և սոցիալական ձեռնարկությունների հզորացում, էկոլոգիապես մաքուր արտադրության խթանում

  • Դեկտեմբեր 01, 2022
  • Մեդիամաքս
  • 9 Նկարներ

Արշակն ուշադիր հետեւում է բաժակ արտադրող սարքի աշխատանքին: 50 թղթե բաժակը ստացվում է մեկ րոպեում, ու այդ պատճառով թուղթը տեղադրելը, կոճակը սեղմելը վայրկյանների ճշգրտություն է պահանջում:  

Բաժակի արտադրությունից մինչեւ փաթեթավորում ու առաքում իրականացնում են աուտիզմ ախտորոշում ունեցող պատանիները: Գաղափարը «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությանն է, որ հիմնադրել են աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների ծնողները: Կազմակերպության «Ձեռք ձեռքի» կենտրոնում երեխաները ստանում են թերապիաներ, հաճախում խմբակների: Նրանցից 19-ը նաեւ թղթե լամինացված բաժակների արտադրության մեջ է ներգրավված:  

«Մեր շահառու բալիկների մեծ մասը, իրենց զարգացման առանձնահատոկություններով պայմանավորված, դպրոցն ավարտելուց հետո քոլեջ, համալսարան հաճախելու հնարավորություն չեն ունենում: Նրանց համար, հիմնականում, կազմակերպվում են  խմբակային պարապմունքներ, զբաղվածության ծրագրեր։ Սակայն մեր նպատակն այլ էր՝ փորձել սկսել արտադրական գործունեության այնպիսի ձեւ, որտեղ հիմքը հենց վերջիններիս զարգացման առանձնահատկությունները կլինեն։ Արդյունքում 19 դեռահասներ եւ պատանիներ հաղթահարել են դասընթացային փուլը եւ ներգրավվել իրական արտադրական գործունեության մեջ, որն էլ հնարավորություն է տալիս զբաղվածություն ունենալ, աշխատավարձ ստանալ, տնից մի քանի ժամով բացակայել ու իրենց պիտանի զգալ»,-ասում է կազմակերպության համահիմնադիր ու խորհրդի նախագահ Վեհանուշ Գյուլբագանյանը: 

Գաղափարը կարողացան իրագործել «Իզմիրլյան» եւ «Գիշյան» հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ: Մինչ բաժակ արտադրող սարքը կհասներ Հայաստան, 2020-ի դեկտեմբերից թերապիստները սկսեցին պատանիներին պատրաստել արտադրական գործընթացին: Պարզ թվացող պրոցեսի հետեւում երկարատեւ, մանրակրկիտ ու համբերատար աշխատանք է պահանջվել:  

«Արտադրական շղթայում կան շատ մանրուքներ, որ լուրջ փորձություն են աուտիզմ ախտորոշում ունեցող երեխայի համար: Սա մեզ համար էլ էր փորձություն, որովհետեւ Հայաստանում նախադեպ չկա, որ աուտիզմ ախտորոշում ունեցող անձինք ընդգրկվեն արտադրության մեջ: Առաջին հայացքից շատ սահուն ընթացող պրոցես է, բայց իրականում դրան ադապտացվելու համար երեխաները բավականին լուրջ գործընթաց են անցել»,- ասում է «Ձեռք ձեռքի» կենտրոնի տնօրեն Արփինե Աշոտյանը: 

Բաժակների արտադրությունը նորություն է նաեւ 30 տարի ծրագրավորմամբ զբաղվող Սամվել Պողոսյանի համար. ինքնուրույն, գրքեր կարդալով, ուսումնասիրելով է սովորել: Հիմա էլ կամավոր հիմունքներով օգնում է երեխաներին: Մանկավարժական փորձ չունի, փոխարենը նրան օգնում է համբերատարությունն ու սերը երեխաների հանդեպ, իր կատարած աշխատանքի կարեւորությունը: 

«Այս երեխաներն ինքնուրույն իրենց ճանապարհը չեն կարող հարթել, ինչ-որ մեկը պետք է կողքից օգնի: Կամաց-կամաց սովորեցնում եմ, ինչպես կսովորեցնեի թոռնիկիս՝ սա կարելի է, սա չի կարելի: Բայց եթե իմ թոռնիկին 3 անգամ ցույց կտայի ու կհեռանայի, հեռվից կնայեի, այս երեխաներին անընդհատ պետք է հսկել ու ուղղել՝ բաժակն այստեղ մի դիր, ձեռքերդ մաքրի, նոր վերցրու թուղթը: Պետք է ուշադիր լինենք մինչեւ ադապտացվեն, հասկանան: Ժամանակատար ու անընդհատ աշխատանք է: Բայց բոլոր մարդիկ են էդպես, ամեն մեկն իր բարդույթներն ունի: Դա խնդիր չէ»: 

19-ամյա Արշակը թիմի ամենաակտիվ ու հմուտ անդամներից է: «Գործարանի ներկայացուցիչն եմ»,-ասում է: Վարպետ Սամվելի հետ Չինաստանից ստացված նոր թուղթն են փորձարկում: Մի քանի բաժակ այրված է դուրս եկել. նշանակում է՝ կարգավորումները պետք է փոխել՝ ճիշտ ջերմաստիճան, արագություն ընտրել: 

«Նայում եմ՝ բաժակները ոնց են արտադրվում, հետո վերցնում, նայում եմ, որ ամեն ինչ լավ է, դնում եմ արկղի մեջ, տալիս տղաներին: Հետո հաշվում ենք 6 հատ բաժակ, փաթեթավորում, դնում ենք տուփի մեջ: Բաժակները շատ հարմար են տաք ու սառը ըմպելիքի համար: Ես դրանով սուրճ կխմեի, հյութ, ջուր, թեյ»,-իրենց արտադրանքն է գովազդում Արշակը: 

Այդ ընթացքում նրա աշխատակից ընկերները սեղանի շուրջ նստած սպասում են բաժակների խմբաքանակին: Նրանց վստահված է փաթեթավորել 6-ական բաժակ: Արտադրության շղթայական պրոցեսը պահպանելը երբեմն դժվար է: Խմբի անդամներից յուրաքանչյուրն առայժմ շղթայի միայն իր օղակին է տիրապետում: Պարզ թվացող գործողություններին վարժվելը, իրականում, երկար աշխատանքի արդյունք է: Եթե դադարներ են լինում, սովորածը, հաճախ, մոռացվում է: 

Երեխաների համար մեծ խթան է փոքրիկ աշխատավարձը, որ ստանում են արտադրությունից: Իսկ ծնողների համար ամենակարեւորը երեխաների զբաղվածությունն ու ինքնուրույնությունն է: 

Իր որդու՝ 17-ամյա Գեւորգի մասին խոսելիս՝ Գոհար Ղազարյանը ոգեւորված պատմում է՝ սիրում է լուսանկարել, հոտերի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի. եթե մասնագետ լիներ, հետը զբաղվեր, պարֆյումեր կդառնար: Տղան «Ձեռք ձեռքի» կենտրոն վերջին տարիներին է սկսել հաճախել. մինչ այդ ընտանիքը Ռուսաստանում էր բնակվում, որտեղ խմբակների հաճախելու հնարավորություն չկար: 

«Ես Գեւորգին բերեցի էստեղ, նաեւ այլ կենտրոններ եմ տանում, որտեղ զբաղվում են երեխայով: Միանգամից մեծ վերելք, փոփոխություն ունեցանք, որը զգում են բոլորը:  

Ծնողի համար շատ կարեւոր է, որ երեխան ինքնուրույն, կազմակերպված,  պատասխանատու լինի: Ծնողներս ավելի շատ մտածում ենք հետագայի մասին, որ գոնե կարողանան գումար վաստակել, ապահովել իրենց», - ասում է տիկին Գոհարը: 

Կազմակերպության նպատակն է երեխաներին ապահովել մշտական, կայուն աշխատանքով ու աշխատավարձով, իսկ արտադրանքից ստացված շահույթն օգտագործել կենտրոնի գործունեությանը: 

Որպես հաջորդ քայլ՝ նախատեսում են նաեւ թուղթ կտրող ու տպող սարք ձեռք բերել, որպեսի ամբողջ արտադրությունը մի տեղում կենտրոնացնեն եւ տպարանից կախված չլինեն: Այսպես ե՛ւ ժամանակ կխնայեն, ե՛ւ նոր աշխատատեղեր կստեղծեն: Վստահ են՝ սպառման խնդիր չեն ունենա: 

«Միայն այն գաղափարը, որ արտադրանքը տալիս է աուտիզմ ախտորոշում ունեցող երեխան ու շահույթը ուղղվում է իր աշխատավարձին ու կազմակերպություն հաճախող աուտիզմ ախտորոշում ունեցող մյուս երեխաների թերապիաները կազմակերպելուն, ոգեւորում է շատերին իրենց ներդրումն ունենալ այս գործընթացին եւ կիսել սոցիալական պատասխանատվությունն ու մեր տեսլականը:  

Շատ պատվերներ ու գնային հարցումներ ունենք, եւ այս պահին մեզ համար մարտահրավեր է կազմակերպել տեխնիկական գործընթացները՝ շուկայում հմտանալ, գործընթացին տիրապետել, ճիշտ թուղթ ընտրել եւ կարճ ճանապարհով ներմուծել, ճիշտ գնառաջարկ անել, քանակի մեջ կողմոնորոշվել, սակայն վստահ ենք, որ այս մարտահրավերներն էլ կհաղթահարվեն»,- ասում է Վեհանուշ Գյուլբագանյանը: 

Հաղորդակցման հմտությունները զարգացնելու համար, աուտիզմ ունեցող պատանիներին, ըստ կարողության, սովորեցնում են նաեւ պատվերներ գրանցել ու սեփական արտադրանքն առաքել պատվիրատուներին: Առաջին փորձը վստահել են Արշակին: Նա «Իզմիրլյան» հիմնադրամ կհասցնի նրանց տարբերանշանով բաժակների առաջին խմբաքանակը: