Ստվարաթղթե բաժակները՝ պատուհան դեպի հասարակություն

Հասարակության սոցիալապես խոցելի խմբերի և սոցիալական ձեռնարկությունների հզորացում և էկոլոգիապես մաքուր արտադրության խթանում

  • Մարտ 22, 2022
  • Մեդիամաքս
  • 10 Նկարներ

 

«Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Ձեռք ձեռքի» ծրագիրը։ Շահառուները 16 տարեկան աուտիզմ ունեցող երիտասարդներն են, որոնք նյարդաբանական խանգարման հետեւանքով ունեն սահմանափակ աշխատանքային հնարավորություններ։ Ծրագրի նպատակն է՝ հասարակության սոցիալապես խոցելի խմբերի և սոցիալական ձեռնարկությունների հզորացումը և էկոլոգիապես մաքուր արտադրության խթանումը: Ծրագիրն իրականացվում է «Իզմիրլյան հիմնադրամի» ֆինանսական աջակցության շնորհիվ: Ծրագրի շրջանակներումկազմակերպությունը ձեռք է բերել թղթե բաժակներ արտադրող սարքավորումներ եւ ձեռնամուխ եղել նախ սարքից օգտվելու ուսուցման կազմակերպմանը, շուտով` աշխատանքով ապահովմանը։ 

Ծրագրի շնորհիվ աուտիզմի համախտանիշ ունեցող 19 պատանի աշխատում է «Քայլ Առաջ» ՀԿ-ի սոցիալական ձեռնարկությունում և ստանում է կայուն եկամուտ: Աշխատելու հնարավորությունը հզորացման աղբյուր է հանդիսացել պատանիների համար և ծնողներն արդեն նկատում են դրական փոփոխություն նրանց վարքագծում: 

Ծրագիրը նպաստել է շահառուների սոցիալական ինտեգրմանը և հնարավորություն ընձեռել շահառու պատանիների ծնողներին տնօրինել ազատ ժամանակը կրթության, աշխատանքի և այլ կարիքների համար: 

Ծրագիրը նպաստել է «Քայլ Առաջ» ՀԿ-ի ֆինանսական կայունությանը, քանի որ սոցիալական ձեռնարկության կողմից գեներացված շահույթը ուղղորդվում է ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին: Ավելին՝ այն ապահովում է աշխատանքի հնարավորություն և եկամտի կայուն աղբյուր «Քայլ Առաջ» ՀԿ-ի աշխատակիցների համար: 

Մեդիամաքսն այցելել է արտադրամաս եւ ծանոթացել ծրագրի ընթացքին։

Վարպետ Սամվելը

Վարպետ Սամվելը ուղղում է ձեռքի ստվարաթուղթը, մոտենում սրահի

հաստոցներից մեկին ու սեղմում միացման կոճակը։

-Արշակ ջան, արի կողքիս կանգնիր, որ օգնես,- դիմում է սեղանի մոտ նստած տղաներից մեկին։

Արշակը մի մեծ թղթե տուփ ձեռքին մոտենում է ու սկսում ուշադիր հետեւել հաստոցի աշխատանքին։ 

- Հիշում ես չէ՞, ինչ եմ ասել՝ սարքը րոպեում արտադրում է 40-50 բաժակ։ Եթե ուզում ես մոտ գնալ, սեղմում ես վթարային անջատիչի կոճակն ու նոր մոտենում, - ասում է վարպետ Սամվելն ու շրջվում դեպի լուսանկարիչը - հրաշալի հաստոցներ են, գիտե՞ս, ռոբոտ-հաստոցներ են, ամբողջ աշխատանքն ավտոմատացված է։ Ծրագիր ունի, միացնում ես ու ինքն իրեն սկսում է ստեղծել բաժակները։ Տղաները շատ են օգնում։ Բաժակներն են տեղափոխում, դասավորում։ Սա դեռ սկիզբն է, կտեսնես, շուտով բաժակի արտադրությունը սկզբից վերջ իրենք են անելու։

Վարպետ Սամվելին օգնող տղաներն ու աղջիկները աուտիզմ ունեն։ Ավան Առինջի 1-ին միկրոշրջանում գտնվող հին մանկապարտեզի շենքում, որը նոր է վերանորոգվել, այս պատանիները սովորում են շփվել ու աշխատանքային հրահանգներին հետեւել։ 19 պատանիներ՝ 16 տղա եւ 3 աղջիկ, ավելի քան մեկ տարի է ակտիվ վերապատրաստման փուլում են։

Վերջին չորս տարում թղթե բաժակների արտադրության գործում հմտացած Սամվել Պողոսյանն ասում է, որ աուտիզմ ունեցող պատանիների հետ աշխատանքն ամենեւին էլ բարդ չէ։

«Երեխան երեխա է, ի՞նչ տարբերություն։ Գուցե որոշ գործեր ավելի դանդաղ են անում, բայց փոխարենը շատ կենտրոնացած եւ ուշադիր են աշխատում»,- բնորոշում է Սամվելը։

Աուտիզմ ունեցող դեռահասները «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի կենտրոն են հաճախում ավելի քան 3 տարի։ Կենտրոնն իր գործունեությունը 2017-ից է սկսել, աուտիզմ ունեցող երեխաներին վերականգնողական ծրագիր է առաջարկում, որը ներառում է բազմապրոֆիլ թերապեւտիկ ծառայություններ։

Անորոշ ապագան

Կենտրոնի տնօրենը՝ Արփինե Աշոտյանը, պատմում է, որ փոքրիկների հետ աշխատելիս, մշտապես նույնն հարցն է հղել՝ ի՞նչ է լինելու հետո, երբ այս երեխաները դառնան դեռահասներ ու երիտասարդներ։

«Հայաստանում հաշմանդամություն ունեցող պատանիները, , աշխատանքի տեղավորման լրջագույն խնդիր ունեն։ Աշխատելու նրանց շանսերը գրեթե զրոյական են, որովհետեւ աուտիզմի պարագայում մենք հուզական խանգարումների, սոցիալական հաղորդակցման, շփման դեֆիցիտի, հիպերսենսիտիվության, սեւեռված հետաքրքրությունների հետ գործ ունենք։

Երբեմն, շատ դժվար է այս երեխաներին շեղել եւ ուշադրությունը կենտրոնացնել այլ գործողության ուղղությամբ, ցույց տալ մեկ այլ գործի կարեւորությունը»։

Իսկ ինչու՞ հենց թղթե բաժակների արտադրություն հարցին Արփինեն պատասխանում է, իրը երեխաներին կենցաղից ծանոթ, ամենօրյա օգտագործման է, եւ ստեղծագործելու հնարավորություն է տալիս։

«Հետագայում, գուցե, բաժակների վրա նաեւ նրանց ստեղծագործությունները լինեն», - ասում է Արփինեն։

Երազանքի հետքերով

Ամբողջ ընթացքում մեր զրույցին հետեւող Արշակը 16 տարեկան է։

Աուտիզմ ունեցող դեռահասը, մասնագետների գնահատմամբ, այս 3 տարիների ընթացքում շատ մեծ առաջընթաց է գրանցել, ընկերներ ձեռք բերել ու նպատակ սահմանել՝ անպայման աշխատանքի անցնել այստեղ։

«Ինձ շատ է հետաքրքրում բաժակների արտադրությունը։ Սպասում եմ դասերի այս փուլն էլ վերջանա, որ աշխատեմ։ Աշխատանքը շատ լավ է, իմ համար ամենակարեւոր բանն է կյանքում, ես կկարողանամ իմ գումարն աշխատել։ Սա իմ առաջին աշխատանքն է, ընկեր Արփինեն է ինձ ամեն ինչ սովորեցնում։ Այնքան լավ է, որ տանից դուրս ենք գալիս ու գալիս ենք կենտրոն, այստեղ բոլորն իմ ընկերներն են։ 2019 թվականից գալիս եմ այստեղ, սկզբում՝ թերապիաների, հետո ինձ ցույց տվեցին սարքերը, աշխատելու ձեւը ու ես հասկացա, թե ինչքան շատ բան կարող եմ անել», - պատմում է Արշակը, վերցնում բաժակները, մոտենում սեղանին ու դրանք 5-ական խմբերի բաժանում սեղանակիցների հետ։

Թերեզա Ավետիսյանը, որը ոչ միայն «Քայլ առաջ» սոցիալական Հկ-ի տնօրենն է, այլեւ աուտիզմ ունեցող երեխայի մայրիկ, հետեւում է ընթացքին ու նաեւ ուղղություն ցույց տալիս։ Այս ամբողջ գործընթացի ժամանակ ամենից շատ «ապրես, կեցցես» բառն է հնչում թե Արփինեի, թե Թերեզայի, թե թերապիստների կողմից։

«Տեսեք, թվում է, թե պատանիները առանձնահատուկ բան չեն անում՝ ընդամենը բաժակները բաժանում են 5-ական խմբերի, ի՞նչ կա որ։ Բայց այս փուլին եւ այս գործողությունն անելու համար ահռելի աշխատանք է կատարվել», -ասում է Թերեզան։

Նրա որդին,12-ամյա Սամվելն էլ աուտիզմ ունի եւ թրեյնինգների ժամանակ Թերեզան հաճախ է զուգահեռներ տանում որդու եւ մյուս պատանիների միջեւ։

«Այս աշխատանքը մեծ մոտիվացիա է իր համար՝ աշխատել եւ վարձատրվել։ Այս պատանիների հետ աշխատելիս ես անընդհատ Սամվելին եմ պատկերացնում՝ կկարողանա՞ հաշվել 5-ական, կկարողանա՞ սխալ հաշվելու դեպքում ուղղե՞լ սխալը, կկարողանա։ Ուրեմն սա իրագործելի է, որովհետեւ եթե Սամվելի նման բարդ աուտիզմ ունեցող երեխան կարող է, ուրեմն մյուսներն էլ կարող են», - անկեղծանում է Թերեզան։

Նպատակային քայլերը

Արփինեն ասում է, որ այս ծրագրով հնարավորություն են տալու աուտիզմ ունեցող պատանիներին ստեղծել սեփական եկամուտն ու լինել անկախ։ Օգտակար կլինի նաեւ Կենտրոնի համար՝ բաժակների վաճառքի գումարով կենտրոնը սեփական միջոցներ կունենա եւ կկարողանա շարունակական դարձնել աուտիզմ ունեցող երեխաների առօրյան։

«Պատանիները թղթե բաժակների արտադրության ամբողջ պրոցեսին են մասնակցում՝ պատվերի գրանցումից մինչև ապրանքի փաթեթավորում եւ առաքումը։ Այս պահին դեռ դասընթացների շրջանն է, պատանիների առաջընթացը, սակայն, հույս է տալիս, որ ամեն ինչ այնքան լավ է ստացվելու, որ նրանք նաեւ առաքմանը մասնակից դառնան։

Պատանիները բոլոր աշխատանքները հերթափոխով են անում՝ միայն այդպես կկարողանան հասկանալ, ում մոտ ինչ է ստացվում եւ ըստ դրա էլ կատարեն աշխատանքի բաշխում», - բացատրում է Թերեզան։

Արփինեն էլ մանրամասնում է, որ աուտիզմ ունեցող երեխաները հաճախ կարող են ունենալ խոսքային բավականաչափ կարողություններ, բայց չշփվել մարդկանց հետ։ Այս աշխատանքի շնորհիվ մի շատ կարեւոր հարց էլ կլուծեն՝ երեխաների սոցիալական շփումների շրջանակը կընդարձակեն։

«Մինչ հաստոցների  գործարկումը, մենք փորձում էինք արհեստական ստանալ այս ամենը՝ աղմուկը, լույսը, այն ամենը ինչին իրենք առնչվելու են՝, ներառյալ անծանոթ մարդկանց հետ հաղորդակցումը։ Փորձել ենք գտնել արտադրության հետ կապված հնարավոր բոլոր միջոցները, որ պատանիները ակտիվ աշխատեն և շփվեն։ Չենք ուզում, որ այնպես ստացվի, որ հաշմանդամություն ունեցող պատանիներն այստեղ հավաքվեն եւ շփվեն՝ հասարակությունից կտրված։ Նրանք մասնակից են առաքման աշխատանքին, եւ հասցեատիրոջ հետ շփման, եւ պատվերների գրանցման գործին։

Իզմիրլյան հիմնադրամը 1990 թվականից ի վեր Հայաստանում և Արցախում իրականացնում է բազմաթիվ բարեգործական և զարգացման ծրագրեր՝ կրթության, առողջապահության, սոցիալական, նորարարության, զբոսաշրջության և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով օժանդակել Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ իրականացնելով Հայաստանի առջև ծառացած արդի մարտահրավերներին ու զարգացումներին համահունչ բարեգործական ծրագրեր: