Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցությունը ԵՊՀ գրադարանին

Տեղեկատվական գրագիտության, ուսուցման և սոցիալական համախմբվածության բարելավման համար նպաստավոր միջավայրի ստեղծում՝ վերանորոգելով և կահավորելով Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ճշգրիտ գիտությունների ընթերցասրահը

  • Մարտ 14, 2022
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

Իզմիրլյան հիմնադրամը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համագործակցմամբ՝ շարունակում է աջակցությունը «Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ենթակառուցվածքների բարելավում» ծրագրին:

Ծրագրի նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացնել Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը, որից օգտվում են մեծ թվով ուսանողներ և հետազոտողներ:

Իզմիրլյան հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված առաջին խոշոր նախաձեռնություններից էր Երևանի պետական համալսարանի գրադարանի տեխնիկական և բովանդակային վերազինման ծրագիրը։ 1996 թվականին հիմնադրամը կարևոր դեր ունեցավ գրադարանային շենքի վերակառուցման և տեխնիկական վերազինման հարցում, որը հետագայում անվանակոչվեց` ի հիշատակ Մարի և Սարկիս Իզմիրլյանների։ 2018 թ. «Իզմիրլյան հիմնադրամն» օժանդակեց Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի գլխավոր նախասրահի վերանորոգմանը: 2019 թ. ԵՊՀ-ի հետ համատեղ, հիմնադրամն աջակցեց գրադարանի թիվ 501 բանասիրության ընթերցասրահի հիմնանորոգմանը` վերափոխելով այն միջազգային չափանիշներին համահունչ որակյալ ուսուցման համապատասխանող միջավայրի և մատչելի դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Գրադարանն ունի շուրջ 16 հազար ընթերցող և բարելավված միջավայրի արդյունքում նրանց հոսքը մեծացել է։ Նորոգված ընթերցասրահն օրական 3-4 հարյուր ընթերցողի է սպասարկում։

Նոր նախաձեռնությամբ Իզմիրլյան հիմնադրամը ԵՊՀ-ի հետ համագործակցմամբ նպատակ ունի ստեղծել տեղեկատվական գրագիտության, ուսուցման և սոցիալական համախմբվածության բարելավման համար նպաստավոր միջավայր՝ վերանորոգելով և կահավորելով Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ճշգրիտ գիտությունների ընթերցասրահը:

Ծրագրի ուղղակի շահառուներն են ԵՊՀ ճշգրիտ գիտությունների ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ, հետազոտողներ և ԵՊՀ այլ ուսանողներ, ինչպես նաև այլ համալսարանների, ինստիտուտների ուսանողներ:

Իզմիրլյան հիմնադրամը 1990 թվականից ի վեր Հայաստանում և Արցախում իրականացնում է բազմաթիվ բարեգործական և զարգացման ծրագրեր՝ կրթության, առողջապահության, սոցիալական, նորարարության, զբոսաշրջության և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով օժանդակել Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ իրականացնելով Հայաստանի առջև ծառացած արդի մարտահրավերներին ու զարգացումներին համահունչ բարեգործական ծրագրեր: