Իզմիրլյան հիմնադրամն ամփոփել է 2021 թվականի արդյունքները
Իզմիրլյան հիմնադրամի 2021 թվականի ծրագրերի առանցքային արդյունքներ
Իզմիրլյան հիմնադրամն իրականացնում է տարբեր նախաձեռնություններ կրթության, առողջապահության, տնտեսության զարգացման, սոցիալական բարեկեցության ապահովման, մարդասիրական օգնության, նորարարության, հայկական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում, որոնք ուղղված են հիմնադրամի առաքելությանը` աջակցել ազգապահպանության գործին:
Իզմիրլյան հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի միջոցով շահառուները ստանում են կարճաժամկետ և երկարաժամկետ օժանդակություն, այդ թվում` ուղղված պարենային ապահովության, առողջապահության, գիտելիքների և հմտությունների, կրթության հասանելիության, սանիտարահիգիենիկ և կենսական պայմանների բարելավմանը, COVID-19-ի փոխանցման կանխարգելմանը և բուժմանը, ինչպես նաև տնտեսական հնարավորությունների, խոցելի բնակչության և հատուկ կարիքներով երեխաների աջակցության, գյուղատնտեսության զարգացման և այլ բնագավառներում:
Հայաստանում Իզմիրլյան հիմնադրամի գործունեության մեկնարկից ի վեր իրականացված ծրագրերից օգտվել է ընդհանուր առմամբ մի քանի հարյուր հազար կարիքավոր անձ:
Միայն 2021 թվականին շուրջ 25 000 անապահով անձ օգտվել է հիմնադրամի 15 ծրագրերից, որոնք իրականացվել են Հայաստանի 6 մարզերում, Երևանում և Արցախում, ինչը մոտ 18 տոկոսով գերազանցում է ծրագրված ցուցանիշը: 2021 թվականին կրթության, առողջապահության, սոցիալական բարեկեցության և այլ ոլորտներում հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումներն են.
Առողջապահություն
Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ Հայաստանից և Արցախից ընդհանուր առմամբ 435 անապահով անձ անվճար առողջապահական ծառայություններ է ստացել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Իզմիրլյան հիմնադրամը անհետաձգելի առողջապահական ծառայություններ է տրամադրել 57 սիրիահայերի, լիբանանահայերի և իրաքահայերի, որոնք իրենց երկրներում ճգնաժամի հետևանքով ապաստանել են Հայաստանում:
Արցախյան հակամարտության ընթացքում 203 վիրավոր զինվոր և սպա անվճար բուժօգնություն է ստացել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում անվճար առողջապահական ծառայություններ է ստացել Արցախից տեղահանված 175 մարդ։
Կրթություն և նորարարություն
«Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպության հետ համատեղ իրականացված կրթական ծրագրերի միջոցով Հայաստանի և Արցախի հեռավոր ու սահմանամերձ համայնքների 367 դպրոցականների համար բարելավվել է կրթության որակը:
Հայաստանում և Արցախում շուրջ 155 երեխայի ընձեռվել է նախադպրոցական և դպրոցական կրթության հնարավորություն՝ Արցախի և Հայաստանի կառավարությունների հետ համագործակցության արդյունքում սոցիալական ենթակառուցվածքների կառուցմանն ու վերականգնմանն աջակցելու միջոցով:
Սոցիալական ապահովություն
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան` հաշմանդամություն ունեցող ավելի քան 80 երեխաների համար բարելավվել է ներառական խաղահրապարակի հասանելիությունը:
Հատուկ կարիքներով և հաշմանդամություն ունեցող ավելի քան 822 երեխա և նրանց ծնողները օգտվել են Իզմիրլյան հիմնադրամի փոքր դրամաշնորհային տարբեր նախաձեռնություններից, ինչը նրանց հնարավորություն է տվել օգտվել օժանդակ և հարմարեցված գույքից ու կահույքից` նպաստելով տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, սոցիալական ներառմանը, կենսական հմտությունների բարելավմանը և այլն:
Մարդասիրական օգնություն
Իզմիրլյան հիմնադրամը բարելավել է COVID-19-ից և (կամ) 2020 թվականի Արցախյան պատերազմից տուժած 18,238 խոցելի անձանց պարենային ապահովությունը` տրամադրելով մարդասիրական օգնություն և հոգալով սննդի հրատապ կարիքները: