Մի ռոյալի պատմություն, որ փոխեց երաժշտական դպրոցի կյանքը

Գրանդ Պիանո Կավային` Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում

  • Հունիս 03, 2021
  • Մեդիամաքս
  • 7 Նկարներ

Այն, որ, աշխարհի լավագույն երաժշտական գործիքներից Գրանդ Պիանո Կավային մի օր կհայտնվի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, գրեթե ոչ ոք չէր հավատում։ Դաշնակահարների երազանքի այս գործիքը ոչ միայն շատ դժվար է ձեռք բերել, այլեւ չափազանց թանկ է։

«Կորոնավիրուսի անորոշ քաոսի պատճառով երեխաների հետ դասերն առցանց էր, ամեն մեկս փակված էր իր տանը, տրամադրություն գրեթե չկար ու հանկարծ հեռախոսազանգ՝ ռոյալը հասել է Հայաստան։ Ականջներիս չէի հավատում։ Բոլոր խամրած գույները վերականգնվեցին միանգամից»,-  գործիքի՝ դպրոցում հայտնվելու պատմությունն է վերհիշում Սպենդիարյանի երաժշտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանը։

Նրան համակ ուշադրությամբ լսում են դպրոցի աշակերտներից՝ Գոռն ու Սվետլանան ու զուգահեռ մտաբերում՝ երաժշտական գործիքը շոշափելուց հետո ենք հավատացել, որ այն իսկապես դահլիճում է եւ իրենք կարող են նվագել դրա վրա։

«Շատ էինք ուրախացել, որ  Իզմիրլյան հիմնադրամը մեր դպրոցի երեխաներին  կատարելագործվելու հնարավորություն տրվեց։ Որոշեցինք երեխաներով հավաքվել, մի բան նվագել, տեսանյութ նկարահանել ու ուղարկել Իզմիրլյան հիմնադրամի խորհրդի անդամներին, որպեսզի որեւէ կերպ մեր երախտագիտությունը հայտնենք նրան», - վերհիշում են երեխաները։

Ռոյալը՝ հաջողության գրավական

Երաժշտական այս դպրոցում սովորում են 6-15 տարեկան 900 աշակերտ, նրանցից 350-ը՝ դաշնամուրային բաժնում։

12 տարեկան Գոռ Հակոբյանը երաժշտությամբ զբաղվում է 7 տարեկանից, եղբայրն էլ օպերային երգիչ է։ Վստահ է, որ երաժշտական տաղանդն իրեն գեներով է փոխանցվել։ Շաբաթներ առաջ հաղթել է Բելգիական միջազգային երաժշտական դպրոցում, հատուկ մրցանակի արժանացել Մոսկովյան հեղինակավոր մրցույթներից մեկում։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, բոլոր երաժշտական մրցույթները տեղափոխվել են առցանց հարթակ։

«Լավ գործիք ունենալն ամենակարեւոր բանն է երաժշտի համար։ Այն օգնում է շատ ավելի մեծ հաջողությունների ու բարձունքների հասնել։ Այս գործիքը շատ լավն է, հրաշալի հնչեղություն ունի եւ հենց դրա շնորհիվ Բելգիական  «Merci, Maestro!» միջազգային դաշնամուրային մրցույթում արժանացա առաջին մրցանակին, իսկ Մոսկվայում՝ Վլադիմիր Կրայնեւի միջազգային չորրորդ մրցույթում արժանացա հատուկ մրցանակի»։

Սվետլանա Հակոբյանը երաժշտությամբ զբաղվում է  6 տարեկանից։ Սիրում է նկարել, կարդալ, բայց ամենից շատ սիրում է երաժշտական դպրոցը՝ առօրյան ու ապագան առանց երաժշտության չի պատկերացնում։ Վերջին շրջանում միջազգային մի քանի մրցույթների է մասնակցել, եւ ամենաբարձր մրցանակներին արժանացել։

«Օրվա ընթացքում 4-5 ժամ տրամադրում եմ երաժշտությանը եւ պարապելուն, հարեւանները բողոքում են, բայց ես, միեւնույնն է, շարունակում եմ պարապել։

Այս ռոյալի վրա կատարումներս բազմաթիվ մրցույթների եմ ուղարկել եւ առաջին տեղը գրավել։ Գործիքը շատ լավ հնչողություն ունի եւ ստեղնաշարի հպումը շատ թեթեւ է», - պատմում է Սվետլանան։

Օգնությունը բազմատեսակ է

Մարինա Վարդանյանը պատմում է, որ Իզմիրլյան հիմնադրամի կողմից նվեր ստացած ռոյալը միակը չէ։ Հիմնադրամի շնորհիվ դպրոցը վերջին տարիներին բազմաթիվ գործիքներով է համալրվել,  ինչի շնորհիվ կարողացել է նոր դասարաններ բացել։

«2013-ին երկու նախագծով դիմեցի Իզմիրլյան հիմնադրամին, որպեսզի աջակցեն մեզ. դպրոցի գործիքները 60-ական թվականներից էին եւ չէինք կարող նոր դասարաններ ունենալ։ Օրինակ, չունեինք հարվածային, փողային գործիքների դասարաններ։

Դիմեցի 2013-ի սեպտեմբերին, եւ արդեն հոկտեմբերին Իզմիրլյան հիմնադրամի  խորհրդի անդամները հյուրընկալվեցին մեր դպրոցում։ Ամիսներ անց՝ 2014-ի գարնանը մեզ հայտնեցին, որ պետք է պայմանագիր կնքենք հիմնադրամի հետ եւ ներկայացնենք անհրաժեշտ երաժշտական գործիքների ցանկը»։

Ցանկը ներկայացնելու հետո դպրոցը համալրվեց  30 նոր գործիքով, նոտակալներով, դաշնամուրային աթոռներով, ջութակի բարձիկներով։

Արդյունքում, 2014-2015թթ. դպրոցում բացվեցին մարիմբայի, հարվածային գործիքների, գալարափողի ու տրոմբոնի դասարաններ, ստեղծվեց ջազ-բենդ։

«Երկրորդ նախագծով Իզմիրլյան հիմնադրամին դիմել էի դահլիճը նորոգելու խնդրանքով։ Բայց 2016-ին քաղաքապետարանն այն նորոգեց, ես էլ որոշեցի դպրոցի համար ռոյալ խնդրել, քանի որ դպրոցը չուներ բարձրորակ կատարողական գործիքներ, միայն 1980-ականներին արտադրված մի քանի ռոյալ: 2020 թվականի սեպտեմբերի 16-ին մենք այն ներկայացրեցինք աշակերտներին»։

Իզմիրլյան հիմնադրամը 1990 թվականից ի վեր Հայաստանում և Արցախում իրականացնում է բազմաթիվ բարեգործական և զարգացման ծրագրեր՝ կրթության, առողջապահության, սոցիալական, նորարարության, զբոսաշրջության և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով օժանդակել Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ իրականացնելով Հայաստանի առջև ծառացած արդի մարտահրավերներին ու զարգացումներին համահունչ բարեգործական ծրագրեր: