Անդրանիկի հիշատակի անկյունը՝ տիկին Իրայի համեստ կացարանում

Պարենային աջակցության նախաձեռնությունները՝ մեղմելու COVID-19-ի եւ Արցախյան պատերազմի սոցիալական հետեւանքները:

  • Մայիս 06, 2021
  • Մեդիամաքս
  • 4 Նկարներ

2021թ. փետրվարից Իզմիրլյան Հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցմամբ շարունակում է պարենային աջակցության նախաձեռնությունները՝ նպատակ ունենալով մեղմել COVID-19-ի եւ Արցախյան պատերազմի սոցիալական հետեւանքները:

Ծրագիրն ուղղված է Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ շրջանների շուրջ 3100 խոցելի ընտանիքներին, որոնք առավելապես տուժել են COVID-19-ից, ինչպես նաեւ Արցախից տեղահանված անապահով ընտանիքներին, որոնք բնակվում են այդ շրջաններում եւ Արցախում:

Ծրագրի շահառուներից է 65-ամյա տիկին Իրան, որը 2020 թվականի հոկտեմբերին ստիպված էր թողնել հայրենի Հադրութը: Ստեփանակերտում նրան սենյակ են հատկացրել հանրակացարաններից մեկի վերջին՝ չորրորդ հարկում, որտեղ պատերի թարմ ներկի հոտը բնավ չի համապատասխանում բնակիչների տրամադրությանը։

Մեզ ուղեկցում է Հադրութի շրջանի հոգեւոր հովիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցը: Նրա դստեր ամուսինը, ով ծառայում էր Արցախի ԱԱԾ-ում, զոհվել է 44-օրյա պատերազմում՝ Հադրութի պաշտպանության ժամանակ շրջափակման մեջ հայտնվելով։

Տիկին Իրան բացում է դուռը եւ հայտնվում ենք փոքրիկ սենյակում, որտեղ հազիվ տեղավորվել են երկու մահճակալ, մեկական պահարան ու սեղանիկ: Չնայած սահմանափակ տարածքին՝ տիկին Իրան ստեղծել է որդու հիշատակի անկյունը։

Տիկին Իրան խոսում է հուզմունքով, երբեմն կրծքում խեղդելով հեծկլտոցը։ Ծնունդով Հադրութի շրջանի Տումի գյուղից է։ Ամուսինը՝ Սերգեյը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր, մահացել է 2013 թվականին: Չորս աղջիկ ունեին, իսկ հինգերորդը Անդրանիկն էր՝ ընտանիքի միակ արու զավակը։

1993 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը ծնված Անդրանիկ Պետրոսյանը զոհվեց 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր անց...

Իզմիրլյան հիմնադրամը 1990 թվականից ի վեր Հայաստանում և Արցախում իրականացնում է բազմաթիվ բարեգործական և զարգացման ծրագրեր՝ կրթության, առողջապահության, սոցիալական, նորարարության և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով օժանդակել Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: 2020 -2021 թվականների ընթացքում, սակայն, COVID-19 համավարակի և Արցախյան պատերազմի մարտահրավերներին դիմակայելու համար Իզմիրլյան հիմնադրամը հետամուտ եղավ հումանիտար ծրագրերի իրականացմանը՝ նպաստելով խոցելի ընտանիքների պարենային ապահովությանը՝ հաշվի առնելով Հայաստանում և Արցախում սոցիալապես խոցելի ընտանիքների օրհասական իրավիճակը: