Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել պատերազմից տուժած անձանց

Աջակցություն Արցախից տեղահանված և Արցախ վերադարձած խոցելի անձանց ձմեռմանը

  • Փետրվար 05, 2021
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

Իզմիրլյան հիմնադրամը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցմամբ, կաջակցի Արցախից տեղահանված խոցելի անձանց ձմեռմանը:Հայաստանում՝ ժամանակավոր կացարաններում ապաստանած 1850 տեղահանված  անձանց կտրամադրվեն պարենային ապրանքներ: 

Իզմիրլյան հիմնադրամը միաժամանակ մեկնարկում է մեկ այլ ծրագիր՝ «Արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումներ Արցախից տեղահանված անձանց համար» նախաձեռնության շրջանակներում՝ նպատակ ունենալով ապահովել  պատերազմի արդյունքում տուժած անձանց ձմեռացման աջակցության շարունակականությունը՝ համատեղելով ջանքերը Թուֆենկյան հիմնադրամի հետ ։ Ծրագիրը մասնավորապես կթիրախավորի այն անձանց, որոնք վերադարձել են Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր, Ծովատեղ և Խերխան գյուղերը` նպաստելով նրանց պարենային ապահովությանը լրացուցիչ երկամսյա ժամանակահատվածում: Ծրագրի շնորհիվ, ընդհանուր առմամբ, 168 անապահով ընտանիքների կտրամադրվի ձմեռացման աջակցություն՝ անվտանգ և սննդարար պարենի հասանելիության ապահովման միջոցով: 

Այս նոր նախաձեռնությունները միտված են ապահովել Արցախին, ինչպես նաև վերջին պատերազմում տուժած անապահով անձանց՝ Իզմիրլյան հիմնադրամի կողմից տրամադրվող նախկին աջակցության շարունակականությունը։