Նոր շունչ ԵՊՀ Իզմիրլյանների անվան գրադարանում
Վերաբացվել է ԵՊՀ Իզմիրլյանների անվան գրադարանի առաջին հարկը
«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված առաջին խոշոր նախաձեռնություններից էր Երևանի պետական համալսարանի գրադարանի տեխնիկական և բովանդակային վերազինման ծրագիրը։ 1996 թվականին հիմնադրամը կարևոր դեր ունեցավ գրադարանային շենքի վերակառուցման և տեխնիկական վերազինման հարցում, որը հետագայում անվանակոչվեց ի հիշատակ Սարգիս և Մարի Իզմիրլյանների։
«Իզմիրլյան» հիմնադրամի՝ կրթության և գիտության զարգացման գործում հետևողական աջակցության և ներդրումների շնորհիվ գիրք նվիրելու տոնը նշանավորվեց ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի հիմնանորոգված առաջին հարկի վերաբացմամբ։ Նորարարական լուծումներով և վերափոխված տրամաբանությամբ սրահը կրում է Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի անունը։
Հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ բարելավվել են գրադարանի ենթակառուցվածքները. վերակառուցվել է առաջին հարկի նախասրահը, արդիականացվել են լուսավորության, օդափոխության համակարգերը, տեղադրվել ժամանակակից ապակեպատ տանիք։
Գրադարանն իր նորարական և ոգեշնչող միջավայրով համալսարանականների համար ծառայելու է որպես գիտելիքի ստեղծման, նորարական գաղափարների ձևավորման հարթակ՝ աջակցելով գիտական ներուժի բացահայտմանը։