Նոր համագործակցություն՝ ուղղված երեխաների առցանց անվտանգության ապահովմանը

Ստորագրվել է համագործակցության հուշագիր և ֆինանսավորման համաձայնագիր

  • Դեկտեմբեր 16, 2025
  • ԻՀ մամուլ
  • 1 Նկար

Դեկտեմբերի 15-ին Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանը  միտված ջանքերը մեկտեղելու նպատակով՝ «Իզմիրլյան» հիմնադրամը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։

Հուշագրի շրջանակներում ստորագրվեց նաև ֆինանսավորման համաձայնագիր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև՝ «Ուղի՝ երեխաների պաշտպանությունը առցանց ռիսկերից և վնասներից» ծրագիրը իրականացնելու համար։

Համագործակցությունը նպատակ ունի նպաստավոր օրենսդրական միջավայր ստեղծելու, թվային գրագիտության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև դպրոցներում ու երեխաների և ծնողական համայնքում թվային գործիքների անվտանգ և պատասխանատու կիրառումը խթանելու միջոցով նվազեցնել Հայաստանում երեխաների ու դեռահասների առցանց ռիսկերին և վնասներին ենթարկվելու մակարդակը։